Այսօր ու հաջորդող երկու օրերին եվրոպական երկու խոշոր մրցաշարերի խմբայինների հերթական հանդիպումներն են: Փորձենք տեսնել, թե աշխարհամասի ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններում առաջին եռյակները կազմողներն ինչ դասավորությամբ են իրար հաջորդում, ու ինչի արդյունքում է այդպես ստացվել:
ԻՍՊԱՆԻԱ
Իններորդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո «Բարսելոնը», թվում է, պիտի որ հավաքվեր «Սելտայի» հետ խաղում, մանավանդ ներքին վտանգ կար ի դեմս այն բանի, որ վերջինս փորձելու էր մրմռացնել իր նախկին գլխավորին: Հիշենք՝ Լուիս Էնրիկեն կատալոնյան ակումբի ղեկին հայտնվեց հենց այս թիմից: Սակայն «Բարսելոնի» համար եղավ վատագույնը: ՈՒնենալով հսկայական առավելություն՝ այն «հաջողեցրեց» գոլ ընդունել սեփական դարպասն ու պարտվել 0:1 հաշվով: Կատալոնցիների սայթաքումն էապես փոխեց եռյակի դիմագիծը՝ նրանց զրկելով ոչ միայն լիդերությունից, այլև դուրս մղելով առաջին եռյակի ցանկից: Սա հրաշալի շանս էր «Սևիլիայի» համար, որը կարող էր դառնալ առաջնության միանձնյա առաջատար, սակայն արտագնայում չկարողացավ օգտվել բարեպատեհությունից ու նվազագույն հաշվով զիջեց Բիլբաոյի «Աթլետիկին»: Ինչ վերաբերում է արքայական ակումբին, «Գրանադայի» նկատմամբ հեշտ հաղթանակից հետո (4:0) այն քսանչորս միավորով տեղափոխվեց առաջին հորիզոնական: Քսաներեք միավորով երկրորդը «Վիլյառեալին» նրա իսկ դաշտում 3:1 հաշվով պարտության մատնած «Վալենսիան» է: Նույնքան միավոր ունի և Մադրիդի «Աթլետիկոն», որը «Կորդոբայի» հետ խաղում նույնպես տոնեց հաղթանակ (4:2): «Բարսելոնը» չորրորդն է 22 միավորով:
ԳԵՐՄԱՆԻԱ
Թեպետ ներքին առաջնությունում Դորտմունդի «Բորուսիան» ոչնչով (իհարկե՝ լավ առումով ոչնչով) աչքի չի ընկնում ու չափից դուրս համեստ, եթե չասենք անպատվաբեր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում (յոթ միավորով նախավերջին հորիզոնականում է), այդուհանդերձ նրա հանդիպումը «Բավարիայի» հետ թիվ մեկն էր բունդեսլիգայում ու բնականաբար սպասվում էր մեծ անհամբերությամբ: Շտապենք ասել, որ Կլոպի սաները պարտվեցին 1:2 հաշվով, սակայն նրանք իսկապես ճակատ տվեցին ու շատ համակրելի ֆուտբոլ խաղացին: Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ հանդիպման առաջին գոլը խփել են դորտմունդցիները:
Շարունակում է հիանալի ֆուտբոլ ցուցադրել առաջատար եռյակում մշտական գրանցում ստացած «Վոլֆսբուրգը»: Արտագնա խաղում «Շտուտգարդի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0) նրանց հինգերորդ անընդմեջն էր: Հաղթանակ տոնեց նաև առաջնությունը փայլուն սկսած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնելով մինչ այդ իր պես տասնյոթ միավոր ունեցող «Հոֆենհայմին»: Մյոնխենգլադբախցիների ակտիվում է քսան միավոր ու աղյուսակի երրորդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի և «Վոլֆսբուրգը»:
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումը մանչեստրյան երկու թիմերի՝ «Սիթիի» ու «Յունայթեդի» մրցակցությունն էր: Չնայած դե Խեյայի փայլուն սեյվերին, այդուհանդերձ «Սիթիին» հաջողվեց մեկ անգամ խոցել մրցակցի դարպասն ու խաղը շահել: Հաղթանակը «քաղաքաբնակներին» հնարավորություն տվեց քսան միավորով մնալու երրորդ հորիզոնականում: Այստեղ առաջին տեղում (26 միավոր) վստահաբար շարունակում է ընթանալ «Չելսին», որը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ` «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ (2:1): Հաղթական հանդիպում ունեցավ նաև Մոուրինյոյի սաներին հետապնդող «Սաուտհեմպտոնը»: Երեք միավորը նրանք վաստակել են «Հալ Սիթիի» հետ խաղում: Արտագնայում հաղթանակը ձեռք է բերվել նվազագույն հաշվով: Քսաներկու միավորով «Սաուտհեմպտոնը» երկրորդն է:
ԻՏԱԼԻԱ
«Չեզենային» հաղթելու և «Ծեր սինյորայի» սայթաքումից օգտվելու արդյունքում «Ռոման» նախորդ տուրում երկիշխանության իրավունքով նորից էր միավորներով հավասարվել «Յուվենտուսին»: Թվում էր՝ «գայլերը» կփորձեն զարգացնել հաջողությունը, սակայն հերթականում «Նապոլիին» հյուրընկալվելիս «Ռոման» երկու գնդակ ընդունեց սեփական դարպասն ու գլխահակ լքեց խաղադաշտը: Նույնպիսի հաշիվ գրանցվեց և «Էմպոլի»-«Յուվենտուս» խաղում: Այս հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով, ովքեր դարձյալ առաջնության միանձնյա առաջատարներն են: Տասնութ միավորով երրորդը կարող էր լինել «Նապոլին», սակայն հյուրընկալելիս «Ֆիորենտինային» 3:1 հաշվով հաղթած «Սամպդորիան» մեկ միավորով շրջանցեց նրան:
ՖՐԱՆՍԻԱ
Թեպետ գործող չեմպիոնին դժվար գնով տրվեց հետնապահների շարքում գտնվող «Լորիանի» նկատմամբ հաղթանակը, այդուհանդերձ «Մարսելի» հետապնդումը շարունակում է մնալ «Պարի Սեն Ժերմենի» օրակարգում: Վերջինիս չթողեց առաջ պոկվել «Բորդոն»՝ սեփական հարկի տակ պարտության մատնելով «Թուլուզին»: Ինչ վերաբերում է «Մարսելին», «Լանսի» նկատմամբ տոնած հաղթանակը բերեց հերթական երեք միավորը: Հետաքրքրական է, որ ֆրանսիական առաջնության առաջատարներն իրենց հանդիպումները շահել են նույն 2:1 հաշվով: Ի դեպ՝ «Մարսել»-«Լանս» խաղում ֆրանսիական դիվիզիոնի առաջատարի կազմում նորամուտն է նշել հայազգի տասնիննամյա պաշտպան Գաել Անտոնյանը: Նա խաղադաշտ է մտել հանդիպման ութսուներորդ րոպեին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ